Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Քեսաբ գյուղաքաղաքի ճակատագիրը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը մամուլի ասուլիսի ժամանակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ լրագրողի հա րցին ի պատասխան նշել է, որ Չինաստանի համար ընդունելի չէ խաղաղ բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն:

 

«Չինական կողմը հերթական անգամ կոչ է անում Սիրիայում գործող ուժերին անհապաղ դադարեցնել բռնությունն ու գործադրել ջանքեր խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, այդ թվում' ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների: Չինական կողմը կոչ է անում նաեւ, որ կարճ ժամանակահատվածում մեկնարկի ժնեւյան բանակցությունների երրորդ փուլն ու սիրիական հարցի առնչությամբ քաղաքական որոշում կայացվի, որպեսզի մոտ ապագայում հաստատվի խաղաղություն եւ կայունություն Սիրիայում»,- ասել է Խուն Լեյը:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մ ահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ լուրերը հակասական են:

 

Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլի 8-ին մերժել է Սիրիայում Քեսաբի վրա կատարված հարձակումը քննարկելու եւ այն դատապարտելու Ռուսաստանի առաջարկը: