Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է, այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:
«Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի' հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը», - ասել է Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Նա հիշեցրել է Twitter-ում հրապարակած իր հայտարարությունը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի Կառավարությանը կոչ էր անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ շեշտելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են: