Թուրքիայի անվտանգության մարմինները բարձրաստիճան անձանց հեռախոսները ապօրինաբար լսելու սկանդալին մասնակցության կասկածանքով ձերբակալել են Ադանա նահանգի անվտանգության վարչության ութ աշխատակիցների: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ձերբակալվածների թվում են Անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Իսմայիլ Բիլգինը, վարչության գլխավոր բաժիններից մեկի նախկին պետ Էրթուղրուլ Էթքինը, ոստիկանության կոմիսարներից մեկը եւ 5 շարքային աշխատակիցներ:
Տեղական մեկնաբանները նշում են, որ ներկայիս գործողությունը կարող է լինել, այսպես կոչված, «զուգահեռ կառույցների» ավելի խոշոր զտումների առաջին ալիքը, որոնց մասին բազմիցս ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Նշվում է, որ Էրդողանը նկատի է ունեցել «ներքին կառավարությանը», որը մոտ է իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը: Էրդողանը նաեւ բազմիցս խոստացել էր մաքրել հաշիվն «այդ կառույցի ներքին շրջանակի» հետ:
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Ադանայի անվտանգության վարչությունը պատահաբար չի ընտրվել Էրդողանի առաջին գործողության թիրախ: Ընթացիկ տարվա հունվարին ոստիկանությունն ու ժանդարմերիան Ադանայում կանգնեցրել եւ ստուգել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող բեռնատարները: Այդ միաջդեպը խոշոր սկանդալ էր առաջացրել: Բեռնատարները շարժվում էին դեպի Սիրիա, եւ տեղական անվտանգության վարչությունը, ինչպես հայտարարում են MIT-ում, իրավունք չի ունեցել ստուգել մեքենաները: Միջադեպի հետ կապված' լրտեսական գործունեության կասկածա նքով հետաքննություն էր սկսվել: Ստուգումների արդյունքում Սիրիա շարժվող բեռնատարների մեջ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք էր հայտնաբերվել: Ենթադրվում է, որ այդ բեռը թուրքական կողմն ուղարկում էր Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստական խմբավորումներին զինելու համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Անկարայում իր գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստում այսօր ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 6-ին Բաքու կատարած այցին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ նուրսիստների դեմ համատեղ պայքարի հարց է քննարկել: «Եղբայրական երկիր կատարածս այցին մենք քննարկել ենք «զուգահեռ պետությունը» (նկատի ունի նուրսիստների աղանդը- խմբ.): Մենք այդ հարցը բարձրացնում ենք նաեւ միջազգային հարթակում», -ասել է Էրդողանը:
Նրա խոսքով' Ֆեթուլլահ Գյուլենը կրոնական գործիչ չէ, այլ գլխավորում է ապօրինի կազմակերպություն, եւ ներկայացնում է իրեն որպես հոլդինգի ղեկավար: Թուրքիայի վարչապետը կոչ է արել այդ կազմակերպության շարքային անդամներին հեռանալ Գյուլենից:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը Բաքվում Ալիեւին ցուցակ է հանձնել, որում նշված են Ադրբեջանում նուրսիստների աղանդին անդամակցող բարձրաստիճան անձանց անուններ:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Ազդեցիկ կրոնական «Հիզմեթ» կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: