Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել է երկրի ազգային անվտանգության ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին: Էրդողանի հրամանագրով' Հաքան Ֆիդանը նշանակվել է Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական internethaber.com, Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնում է նշանակել նաեւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուին:

 

 

Ֆիրուդին Սինիրլիօղլուն մասնակցել էր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցություններում:

 

 

Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն հաստատել տվյալ տեղեկատվությունը:

 

 

Կայքը հայտնում է, որ հետաքրքրություն է ներկայացնում Հաքան Ֆիդանի ծննդավայրն ու ծագումը' նշելով, որ վարկած կա, որ նա ծագումով քուրդ է' Վանի Սեյիթքի ցեղից:

 

 

Թուրքական «Թարաֆ» թերթը եւս անցյալ ամռանն անցկացված ընտրությունների ժամանակ հայտնել է, որ Էրդողանի հավատարիմ գլխավոր հետախույզը Սեյիթքի ցեղից է եւ ծնվել է Վանի Էրջիս (Էրճիշ) գյուղում (նախկինում' հայկական):

 

 

Այդ վարկածը հաստատել է Հաքան Ֆիդանի ազգական (կուզեն) Աբիդին Ջանը:

 

 

«Հաքան Ֆիդանն իմ ազգականն է: Նա իմ հոր հորեղբոր որդին է: Նրա հայրն ամուսնացել է Անկարայում, եւ նա ծնվել է Անկարայում: Վերջին անգամ նրան տեսել եմ իր հոր թաղման ժամանակ: Մենք այնտեղ հանդիպեցինք, իրար ձեռք սեղմեցինք, բայց չխոսեցինք», -պատմել է Աբիդին Ջանը: