Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Արարատի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության կողմից վարչական հսկողութուն է իրականացվել մարզի չորս' Արբատ, Գեղանիստ, Դարակերտ եւ Ռանչպար համայնքներում: Հսկողությունն իրականացվել է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, ոստիկանության, քաղաքաշինության, հողօգտագործման, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսության, բնապահպանության, կրթության եւ այլ բնագավառներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Ալինա Լալայանը, այս եռամսյակում հսկողություն կիրականացվի մարզի եւս 12 համայնքներում' ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ծրագրով: Հսկողությունը կիրականացվի համայնքի ղեկավարների պարտադիր պատվիրակված լիազորությունների, ինչպես նաեւ ավագանու լիազորությունների նկատմամբ: Հսկողության արդյունքները կքննարկվեն մարզպետարանի աշխատակազմի, համայնքի ղեկավարների եւ նրա աշխատակազմի մասնակցությամբ:

 

Լալայանի փոխանցմամբ, հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ մարզպետի կողմից տրվում են համապատասխան հանձնարարականներ, տարվում հետեւողական աշխատանք' թերությունների վերացման ուղղությամբ: Այնուհետեւ, արդյունքների մասին կազմված ամփոփ արձանագրությունը ներկայացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Քննարկման արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով այդ ամենը տեղադրվում է նաեւ մարզպետարանի էլեկտրոնային կայքում:

 

Լալայանի խոսքով, այս ամենը բարդ, շատ ծավալուն ու դժվարին աշխատանք է, բայց յուրաքանչյուր հսկողության իրականացումից հետո բավականին թերություններ են վերացվում համայնքներում, մարզպետարանի բոլոր մասնագետները մեթոդական օգնություն են ցուցաբերում, եւ հետեւում, որպեսզի աստիճանաբար վերացվեն բոլոր նկատված բացթողումները:

 

Ըստ նախորօք հաստատված պլանի, այս տարվա ընթացքում վարչական հսկողություն կիրականացվի մարզի 31 համայնքում: Յուրաքանչյուր համայնքում հսկողությունն իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Արարատի մարզում կա 97 համայնք: