Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ապրիլի 9-ին տեղի է ունեցել «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցել են ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին' Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարևորել է միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է հասարակության համար արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ:
Իրենց ելույթներում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են այն աշխատանքները, որոնք կատարվում են նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում` փորձելով նրանց մեջ ամրապնդել Հայրենիքի նկատմամբ իրենց սրբազան պարտքի գիտակցումը:
Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` ԳՊՄԸ մանկավարժության ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը կարևորել է դասավանդման ընթացքում հիմնարար արժեքների' հայրենիքի, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական պատասխանատվության և հանդուրժողականության գաղափարների քարոզումը:
Առանձին զեկույցներում քննության առարկա են դարձել դեռահասների շրջանում դրսևորվող մի շարք խնդիրներ: Իր զեկույցում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշել է, որ դեռահասը ընտանիքում բավարար ջերմություն և պաշտպանություն չգտնելու դեպքում այդ ամենը որոնում է փողոցում, իսկ փողոցում նրան հաճախ սպասում է հակասոցիալական վարքի ուսուցում. արտաքին ազդեցության ներքո նա գործում է հանցագործություն:
Դեռահասների խնդիրների շուրջ իր ելույթում ԳՊՄԻ հոգեբան Վարդան Պապիկյանը անդրադարձել է համացանցից կախվածությանը, ինչը, բանախոսի կարծիքով, նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը, առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ պատանու մոտ, մշտական դեպրեսիա, իրական կյանքից վիրտուալ տարածության նախընտրություն, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարություն, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստ, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացում:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը: