ԱՄՆ պետքարտուղարությունը ժամանակ է խնդրել Քեսաբի ընթացիկ զարգացումների, ահաբեկչական հարձակումներում Թուրքիայի դերակատարության և Հայաստանում ապաստանած սիրիացի գաղթականներին օգնություն տրամադրելու հարցերն ուսումնասիրելու և պատասխան տալու համար, ապրիլի 9-ին ամենօրյա հարցուպատասխանի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

 

Միացյալ Նահանգները, հանդիսանալով սիրիացի գաղթականներին ֆինանսական աջակցություն ցուցաբերող ամենամեծ դոնորն աշխարհում, արդեն օգնություն է հատկացրել Թուրքիային, Հորդանանին և մյուս երկրներին: «Սակայն, որքանով ես տեղյակ եմ, Վաշինգտոնը որևէ օգնություն չի տրամադրել Հայաստանին, ուր Սիրիայից գաղթած քրիստոնյանների թիվը մեկ ամիս առաջ 12000-ի էր հասնում»,- նշել է լրագրողը' խնդրելով պաշտոնական մեկնաբանություն տալ հարցի կապակցությամբ:

 

Հարց է հնչել նաև ապրիլի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում Քեսաբին նվիրված մամուլի ասուլիսի վերաբերյալ, որի ժամանակ մի շարք կոնգրեսականներ մտահոգություն էին հայտնել ահաբեկչական հարձակումների արդյունքում տեղահանված քեսաբցիների ճակատագրի և դրանցում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ: Ասուլիսի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարությանը և հետախուզական վարչությանը կոչ էր արել ճեպազրույց հրավիրել և հաշվետվություն ներկայացնել Քեսաբում էթնիկ զտումներ իրականացրած «Ալ Քաիդային» հարող ահաբեկիչներին Թուրքիայ ի աջակցության և ապաստան տրամադրելու լուրերի մասին:

 

Փսակին հավաստիացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ուշի ուշով հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և ժամանակ խնդրել հարցերն ուսումնասիրելու համար' խոստանալով տեղեկություններ ներկայացնել նաև ներկայումս Քեսաբ քաղաքում ընթացող զարգացումների մասին: