Բանտերի գերծանրաբեռնվածության հարցը լուրջ խնդիր է Եվրոպական միության բազմաթիվ երկրների համար: Այս մասին ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ համաժողովի ընթացքում ասաց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը: «Դա բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում՝ սկսած քրեակատարողական հիմնարկներում աշխատողների համար՝ իրենց գործը արդյունավետ կատարելու առումով, վերջացրած բանտերում կարգ ու կանոնի հաստատման խնդիրներով»,- նշեց Պավլյուկը:

 

Նա ասաց, որ այս խնդիրը կա նաև Հայաստանում՝ հիշեցնելով, որ Հայաստանի իշխանություններն բանտերի գերբնակեցման խնդիրը լուծելու պատրաստակամություն են արդեն հայտնել: «Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել նաև նվազեցնել ազատազրկման դեպքերը, ինչի ուղղությամբ Եվրոպական միությունն արդեն երկար ժամանակ ջատագովում է: Նպատակն է ազատազրկումը որպես պատիժ կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, ինչն էլ իր հերթին կնպաստի նրան, որ բանտերում գերծանրաբեռնվածության խնդիրը լուծվի»,- ասաց ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը:

 

Պավլյուկը ողջունեց քրեակատարողական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը ջանասիրաբար աջակցում է Հայաստանին այդ գործում: «Հիշեցնեմ, որ Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման համար իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության կողմից: Այս ծրագրի ավարտից հետո Նորվեգիայի կառավարությունը կֆինանսավորի ևս մեկ ծրագիր, որն արդեն ուղղված կլինի նախորդ ծրագրի եզրակացությունների իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում պրոբացիոն ծառայության իրականացմանը»,- ասաց Պավլյուկը:

 

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ: Համաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի շրջանակներում: