Հայաստանում ռուսական համայնքը միասնական է: Համայնքը կամուրջ է երկու երկրների միջև և անգնահատելի ներդրում է ունենում հարաբերությունների զարգացման հարցում: Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ Հայաստանի Հանրապետությունում ռուսական հայրենակիցների 7-րդ համերկրային համաժողովի շրջանակում: Նրա խոսքով՝ ռուսակա ն համայնքը Հայաստանում բավական մեծաթիվ և միասնական է: «Այսօր նրանք հավաքվել են, որպեսզի ամփոփեն անցյալ տարվա արդյունքները՝ ինչպե՞ս են նրանք համագործակցել, ինչո՞վ են զբաղվել, նախանշեն ապագայի հեռանկարները: Ես կարծում եմ, որ այս օգտակար միջոցառումը, որն անհրաժեշտ է անցկացնել պարբերական հիմքով, անկասկած անգնահատելի ներդրում է ունենում մեր երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանում ռուսական համայնքը յուրատեսակ կամուրջ է երկու երկրների միջև, ուստի անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել նրանց: «Նրանք արյամբ ռուս են, բայց մեծամասամբ Հայաստանի քաղաքացիներ են, և նրանց, իհարկե, անհանգստացնում են հայկական հասարակության առջև դրված խնդիրները»,- նշեց Վոլինկինը: Դեսպանի համոզմամբ՝ ռուսական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի արժանի քաղաքացիներն են: Վոլինկինը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր նպաստում են Հայաստանում ռուսերենի զարգացմանն ու պահանջարկ վայելելուն:

 

Հայաստանի Հանրապետությունում ռուսական հայրենակիցների 7-րդ համերկրային համաժողովին ուղերձ էր հղել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Նիկիտինը: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ՀՀ Նախագահի աշխատակազմի առաջատար մասնագետ Նարինե Գուլյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը և այլք:

 

Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, բնակչության շուրջ 98 տոկոսը հայեր են, սակայն երկրում բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ, ասորիներ, հրեաներ, ուկրաինացիներ, վրացիներ և այլն: Ռուսական համայնք շուրջ 14 հազար է: