Ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու և այդ ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ նախաձեռնելու նպատակով ապրիլի 9-ին Երևան ժամանած՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայության պաշտոնատար անձանց' ոստիկանության գնդապետներ Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ընդունելության ընթացքում ռուս գործընկերները ներկայացրել են համագործակցության իրենց դիտարկումներն ու առաջարկությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարբեր ուղղություններով, ինչպեսև՝ Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայության փորձն ու ձեռքբերումները միջազգային համագործակցության ոլորտում:

 

Հունան Պողոսյանը Ալեքսեյ Նոսովին և Ալեքսանդր Պոստոյուկին հանձնել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներ, որոնցով նրանք պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով' թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության հետ ակտիվ համագործակցություն իրականացնելու համար:

 

Աշխատանքային այցի ընթացքում ռուս գործընկերները մի շարք կարևոր հարցեր են քննարկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ ներկայացրել կոնկրետ առաջարկություններ: