Ուկրաինայի աղետալի իրադրությունը գերիշխող կլինի Եվրամիության անդամ 28 երկրների ԱԳ նախարարների՝ ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում բացվող հանդիպմանը, որին հաջորդելու է համանման նիստ պաշտպանության նախարարների ձեւաչափվ: Նախարարները նաեւ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը եւ Ուկրաինայում գազի հետ կապված իրադրությունը:
«Նախարարները կքննարկեն Ուկրաինայի արեւելքում լարվածության կտրուկ սաստկացումը եւ գնահատական կտան իրադրության էսկալացմանն արտաքին ուժերի մասնակցությանը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ԵՄ-ի ԱԳ նախարարները նաեւ կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 17-ին Ժնեւում նշանակված բանակցությունների նախաշեմին:
Ինչպես նախօրյակին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ-ն ակնկալում է, որ այդ հանդիպմանը «բովանդակալից երկխոսություն կսկսվի» Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ: Նա «խորը մտահոգություն» է հայտնել Ուկրաինայի արեւելքում լարվածության աճի կապակցությամբ: Էշթոնը Ուկրաինայի ֆեդերալացման կողմնակիցների գործողությունները որակել է «զինված անձանց եւ անջատողական խմբերի ակտիվության պոռթկում»՝ դատապարտելով բողոքավորների կողմից «վարչական շենքերի եւ ներքին գործերի նախարարության բաժինների» նկատմամբ հսկողության հաստատումը:
Ավելի վաղ Էշթոնի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Եվրամիությունը նախարարական հանդիպման նախօրեին ոչ մի որոշում չի ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ: