Հայաստանի վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական տաղանդ, միաժամանակ հասարակության ներսում նրա կերպարը դրական չի ընկալվում և գնահատվում: Գնահատականը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: «Այն, որ Աբրահամյանի թեկնածության առնչությամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, գիտի նաև նախագահ Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը քաղաքական տրամաբանության մեջ է վերլուծում նոր վարչապետի նշանակումը: Աբրահամյանին նշանակելով վարչապետի պաշտոնում, նախագահը միանգամից մի շարք քաղաքական հարցեր է լուծում: «Գլխավոր նպատակն այն է, որ Աբրահամյանն իր անձով և փորձով փորձում էր ընդլայնել նախագահի քաղաքական հենարանը:

 

«Կոալիցիայի կամ որևէ այլ ձևաչափով, առաջին հերթին ներգրավելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությանը' Սերժ Սարգսյանը կընդլայնի իր սեփական հենարանը»,- ասաց Մինասյանը' հավելելով, որ գուցե նախագահը կարծում է, որ ԱԺ նախկին նախագահը կարող է իրեն դրսևորել նաև որպես լավ մենեջեր: «Բացի այդ, այնքան էլ լայն չէ Սերժ Սարգսյանի կադրային ռեսուրսը վարչապետի պաշտոնի համար»,-ասաց Մինասյանը' նշելով, որ դեռևս հարցական է' Հովիկ Աբրահամյանի դիրքը կուժեղանա՞ հետագայում ՀՀ նախագահ դառնալու համար: «Կարևոր հանգամանք է, թե ինչ կարգավիճակ կենթադրի նախագահը: Եթե Սահմանադրական բարեփոխումները, որ ներկայացվել են, ընդունվեն, ապա նախագահն ավելի շատ դեկորատիվ ֆունկցիաներ է կատարելու և վարչապետի դերն է բարձրանալու»,- ասաց Մինասյանը: Նրա բնութագրմամբ' վարչապետի պաշտոնը նման է «կամիկաձեի» և ում էլ նշանակեն, կարճ ժամկետում վատ է ընկալվելու հասարակության կողմից:

 

Հովիկ Աբրահամյանի նշանակումը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կոնսենսուսի արդյունք է: Տեսակետը' քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանինն է: «Սա կոնսենսուսի արդյունք է: Հիմա դրա անունը կոալիցիա կլինի, թե կլինի ազգային համաձայնության կառավարություն, թե ընդհանրապես կառավարություն չի լինի, բայց ԲՀԿ-ն կառավարությանը չի քննադատի և ՀՀԿ-ի հետ բոլոր կոճակները կսեղմի և կառավարության բոլոր ծրագրերը կանցկացվեն, այլ խնդիր է, բայց որ Հովիկ Աբրահամյանը կոնսենսուսային ֆիգուր է, դա միանշանակ»,- ասաց նա:

 

Մեկ այլ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ էլ, նշանակումը սպասելի էր, քանի որ 10 օր շարունակ հենց Աբրահամյանի անունն էր շրջանառվում, որպես հիմնական թեկնածու: Նրա խոսքով' Աբրահամյանը կուսակցությունում բավական բարձր դիրք է գրավում, ընդգծված քաղաքական գործիչ է և դրանով է պայմանավորված նշանակումը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոնսենսուսին, Բադալյանը նշեց, որ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կոալիցիայի մաս չի կազմելու: «Հետևաբար կոնսենսուսային թեկնածուի տարբերակը կարելի է բացառել»,-ասաց Բադալյանը' անհավանական համարելով նաև մեր այն դիտարկումը, որ կարող է կոալիցիայի մաս չկազմել, սակայն Ազգային ժողովում պաշտպանել կառավարության ներկայացրած ցանկացած օրինագիծ:

 

Ինչ վերաբերում է հասարակության տեսակետին, քաղտեխնոլոգը նշեց, որ հասարակության մեծամասնությանը չի հետաքրքրում, թե վարչապետ ով է նշանակվելու. նրա գնահատմամբ, հասարակության մոտ գերիշխող է արտագաղթողի հոգեբանությունը և այս պարագայում, փողի և կաշառքի միջոցով հնարավոր է ամեն ինչ:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ նախագահը ստորագրել է նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը: