Հայաստանի վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակվել անակնկալ չէր, քանի որ նրա անունը վերջին շրջանում բազմիցս շրջանառվել է: Աբրահամյանի նշանակումը կոմպրոմիս էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այդ մասին ապրիլի 14-ին հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հորդորեց սպասել նոր կառավարության քայլերին: «Խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի փո փոխություն է, տնտեսական այս ճգնաժամից դուրս գալու ուղիները: Տեսնենք ի՞նչ ծրագիր կներկայացնի Կառավարությունը, ինչպիսի՞ կազմ կունենա, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ»,ասաց Արզումանյանը: Նրա համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված չէ «քառյակի» գործողությունների հետ:

 

Արզումանյանը նշեց, որ ԲՀԿ-ն այլընտրանք հռչակվելուց հետո թիրախ է ունեցել Կառավարությունը և վարչապետին: «Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն, Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել և ավելին, ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար և այդ առումով կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս՝ կողմերի համար ընդունելի թեկնածուի առումով»,- նշեց Արզումանյանը:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահը ապրիլի 3-ին ստորագրել է Աբրահամյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը եւ ապրիլի 14-ին նոր վարչապետին ներկայացրել է կառավարությանը: