«Քառյակի գործունեության հետ կապված ես ունեցել եմ և ունեմ իմ վերապահումները. այդ վերապահումներն արտահայտել եմ նաև հրապարակային: Մասնավորապես, դրանցից մեկը վերաբերում էր կառավարության փոփոխության պահանջին»,- այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով խորհրդարանական քառյակի գործունեությանը:

 

«Երբ ոչ իշխանական անվանվող չորս ուժերը կենտրոնացել էին վարչապետի հրաժարականի պահանջի վրա, ես այն ժամանակ իմ հարցազրույցներում առաջադրում էի հարց՝ եթե կառավարությունը հեռանա, նշանակում է՝ խորհրդարանական մեծամասնությունն ուզո՞ւմ է, որ այդ կառավարությունը հեռանա և հաջորդ կառավարությանը նշանակելու է խորհրդարանական մեծամասնությունը: Ստացվում է, որ մենք պայքարում ենք մեծամասնության՝ վարչապետ նշանակելու իրավունքի համար, և տեսեք թե ինչ տեղի ունեցավ: Տեղի ունեցավ մի այսպիսի բան, երբ շատ լուրջ կենտրոնացում գնաց Տիգրան Սարգսյանի կառավարության վրա, Տիգրան Սարգսյանի կառավարությանը վերագրվեց ամբողջ իշխանական բացասական հատկանիշները», - ասաց Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ այն, որ «Տիգրան Սարգսյանի կառավարությունն անարդյունավետ և կոռումպացված կառավարություն էր՝ դրա մասին ոչ մի խոսք»:

 

«Բայց իշխանության որևէ այլ օղակ պակաս կոռումպացված չէր և պակաս անարդյունավետ չէր, և այս գործընթացի արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ: Այդ բացասական ասելիքն ուղղվեց Տիգրան Սարգսյանի կառավարության վրա, իշխանությունն իրենից կտրեց-հեռացրեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը և հիմա, անկեղծ ասած, ընդդիմադիր դաշտից հնչում են գնահատականներ, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը և մենք մեր գնահատականը կտանք: Կներեք, մենք չգիտե՞նք՝ Հովիկ Աբրահամյանն ով է: Այսինքն՝ նա պետք է ինչ-որ ծրագի՞ր ներկայացնի, որ մենք իմանանք՝ ովքեր են այս մարդիկ, ովքեր են իշխանության ներկայացուցիչները: Դա ինձ համար անընդունելի է և երկրորդ՝ այդ գործընթացի ընթացքում ասվում էր, որ կառավարության հրաժարականի պահանջն ընդամենը միջանկյալ քայլ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար: Հիմա ստացվում է, որ այդ միջանկյալ քայլն արված է, և ուրեմն մենք բոլորս պետք է հույս ունենանք, որ օր առաջ խորհրդարանական քառյակի ներկայացուցիչները կանցնեն Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացին: Ցավոք սրտի, առայժմ այդպիսի քաղաքական հայտարարություն մենք դեռևս չենք լսում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Մանրամասները' azatutyun.am-ի տեսանյութում.