Սուրբ Հարության տոնին Հայաստանի ազգաբնակչությունն ապահովված է ձկան և ձվի անհրաժեշտ ծավալներով: Ապրիլի 14-ին հրավիրված ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հայաստանում տարեկան արտադրվում է 10 հազար տոննա ձկնամթերք, որի 60 տոկոսը' ծիածանափայլ իշխան, 20 տոկոսը' թառափազգիներ: «Զատկի տոնին մոտավորապես 1200 տոննա ձուկ է իրացվում մեր հանրապետությունում մեկ երկու օրվա ընթացքում, և ձկնաբուծական տնտեսություններում կա բավարար քանակությամբ ձկան տարբեր տեսականի, որն ամբողջությամբ բավարար է Զատկի տոնակատարությունները ձկնամթերքով ապահովելու համար»,-նշեց Հովհաննիսյանը:

 

Խնդիրներ չեն սպասվում նաև հավկիթի շուկայում: Գյուղնախարարության պաշտոնյան հայտնեց, որ Սուրբ Հարության տոնին Հայաստանում սպառվում է 9.5-10 միլիոն ձու: «Բարեբախտաբար, մեր թռչնաֆաբրիկաներում արտադրված ունենք նույնքան ձու, դեռ ավելին, և այդ ձվի պաշարներն ամբողջությամբ բավարար են Զատկի տոնակատարության համար անհրաժեշտ ձվի քանակին»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ձվի գնի բարձրացում չի լինի: «Զատկի տոնին հավկիթի իրացումից հետո կարող է նկատվել նույնիսկ ձվի գնի անկում»,- նշեց պաշտոնյան:

 

«Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը հավաստիացրեց, որ Զատկի տոնին իրենք բոլոր ռեզերվները կենտրոնացնում են լավ մատակարարում ապահովելու համար: Նա հայտնեց, որ Հայաստանում օրական 850 հազար հավկիթ է սպառվում, սակայն արտադրվում է մինչև 1 միլիոն 080 հազար հատ: «Մենք ձգտում ենք, որ ձվի գները չբարձրանան: Նախատեսել ենք, որ տարվա երկու խոշոր տոներին՝ Նոր տարուն և Զատկին արտադրությունն այնպես կազմակերպենք, որ գների բարձրացում այդ հատվածում չունենանք», - ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ այսօր կամ վաղը արտադրող ընկերությունները ձվի բացթողման գները մոտ 2 դրամով կնվազեցնեն: Ստեփանյանը վաճառողներին հորդորեց բացթողման զեղչի չափով ձվի գինը չբարձրացնել: Միության նախագահը հայտնեց, որ ներկայում ձվի բացթողման գինը 58-60 դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն: «Մենք ձգտում ենք 58-60 դրամի սահմանից ավել բաց չթողն ել»,- նշեց Ստեփանյանը՝ խանութներին հորդորելով բավարարվել 10 տոկոս վերադիրով:

 

Հայաստանում Սուրբ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 20-ին: Տոնի ավանդական ուտելիքներն են ձուն, ձուկը և բրինձը: