ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Փարիզին՝ Կիևի իշխանություններին հետ պահել Ուկրաինայի քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժ կիրառելուց և բանակն օգտագործելուց: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ ամփոփելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսի միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքները, որը հետաքրքրվել է Ուկրաինայի իրադրությամբ:
«Ռուսական կողմը կարևորել է Կիևի կողմից Ուկրաինայի հարավային ու արևելյան տարածաշրջաններում առանց այդ էլ գերշիկացած իրադրության սադրիչ սրման քաղաքականությանն անհապաղ վերջ դնելու անհրաժեշտությունը»,-նշել են նախարարությունում:
Լավրովը «կոչ է արել Փարիզին՝ որպես փետրվարի 21-ի համաձայնագրի երաշխավորներից մեկին, Կիևի իշխանություններին հետ պահել Սլավյանսկում և Ուկրաինայի մյուս քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ուժ կիրառելուց և բանակն օգտագործելուց»:
«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ միջազգային համագործակցությանը, այդ թվում՝ Ժնևի հնարավոր քառակողմ հանդիպման շրջանակներում, սակայն դրա անցկացումն ուղղակիորեն կախված է այն որոշումներից, որոնք ներկայում Կիևն ընդունում է, ամենից առաջ, Վաշինգտոնի հովանավորությամբ»,-ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:
Նախօրյակին ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ելույթ ունելաով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կանխելու հնարավորությունը կախված է Արևմուտքից: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում «ստեղծվել է շատ վտանգավոր իրադրություն, որի հետագա էսկալացումը պետք է անհապաղ կանխվի»: «Մայդանականների արևմտյան հովանավորները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, պարտավոր են սանձահարել հսկողությունից դուրս եկած հովանավորյալներին, ստիպեն նրանց սահմանազատվելու նեոնացիստներից և մյուս ծայրահեղականներից, դադարեցնել զինված ուժերի կիրառումը ուկրաինական ժողովրդի դեմ և անհապաղ իսկական ազգային երկխոսություն սկսել բոլոր տարածաշրջանների իրավահավասար մասնակցությամբ՝ շուտափույթ արմատական սահմանադրական բարեփոխում իրականացնելու նպատակով»,- ասել է Չուրկինը:
Նա կոչ է արել դադարել Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձություններում «Մոսկվայի ձեռքը» փնտրելուց: Եթե Ուկրաինայի իրադրությունն ընթանա վատագույն սցենարով, դրա պատասխանատվությունը «99 տոկոսով» ընկած կլինի արևմտյան երկրների խղճի վրա, հայտարարել է դիվանագետը:
ՌԴ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ ապրիլի 17-ին Ժնևում հանդիպում անցկացնելու հնարավորությունը հարցականի տակ կդրվի, եթե Կիևի իշխանությունները մարտական գործողություններ սկսեն երկրի հարավ-արևելքում: «Կուզենայինք հուսալ, որ ոչ դյուրին բանավեճի արդյունքում, որը կայացավ Անվտանգության խորհրդում, մեր արևմտյան գործընկերները կմտածեն այն բանի մասին, թե որքան մեծ է իրենց պատասխանատվությունը տեղի ունեցող իրադարձությունների համար»,- ասել է Վիտալի Չուրկինը: