Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը նշել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակը բավական լարված է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն, ԵԱՀԿ դիտորդական խումբը եղել է Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում՝ կապված տեղի ոստիկանության գրավված շենքը ներքին գործերի նախարարության կողմից ազատելու տեղեկատվության հետ: Քաղաքում ԵԱՀԿ փորձագետները ստիպված կանգ են առել քաղաք մտնող ճանապարհին, որտեղ կառուցված են մի քանի պատնեշներ՝ շրջապատված լավ զինված դիմակավոր մարդկանցով: «Չնայած բարիկադները և Լենինի հրապարակում վրանները չեն ավելանում՝ Դոնեցկում իրավիճակը կարող է վատթարանալ»,- նշել են դիտորդները՝ հավելելով, որ իրավիճակը լարված է նաև Խարկովում և Լուգանսկում, ուր տեղի են ունենում ռուսամետ բազմահազարանոց ցույցեր:

 

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ այսօր առավոտյան արտահերթ մամուլի ասուլիս է հրավիրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ուժի ցուցադրումը ավելի կխորացնի ուկրաինական ճգնաժամը: «Ինչ վերաբերում է Արեւմուտքի դիրքորորշմանը, ապա մենք Արեւմուտքից սպասում ենք հաջորդական քայլերի արդեն ամիսներ շարունակ, երբ սկսվեց մայդանյան քաոսը»,- ասել է Լավրովը: Վերջինս Մայդանում եւ երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցող ի րադարձությունների միջեւ կապի բացակայությունը համարում է կեղծավոր սուտ' շեշտելով, որ տեսակետը Արեւմուտքինն է, եւ այդ կերպ նրանք փորձում են ավելի խճճել իրավիճակը: