Դամասկոսի մերձակայքում գտնվող Մալուլա գյուղաքաղաքում ապրիլի 14-ին լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաընկերության 3 աշխատակից են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք զոհվել են Կալամուն լեռան լանջից սիրիական բանակի գործողությունները լուսաբանելու ժամանակ: Զոհվածներից մեկը հեռուսա տեսության լրագրող Համզա ալ Հաջ Հասանն է, մյուսները' տեխնիկական հարցերով աշխատակից Հալիմ Ալուն և օպերատոր Մուհամմադ Մունթաշը:

 

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը ցավակցել է տեղի ունեցածի կապակցությամբ՝ նշելով, որ լրագրողների վրա կատարված հարձակումը թուլամորթ արարք է:

 

«Ալ Մանար» հեռուստաընկերության տնօրենը տեղեկացրել է, որ լրագրողների խումբը ապրիլի 14-ի առավոտյան Բեյրութից Մալուլա է ուղևորվել սիրիական բանակի ուղեկցությամբ: Մալուլա մտնելուն պես նրանք ենթարկվել են զինյալների հարձակմանը:

 

Նախօրեին սիրիական բանակն ամբողջովին վերահսկողություն էր հաստատել Մալուլա գյուղաքաղաքի վրա: