Ոչ մի քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ նա պետք է ողջ կյանքում լինի իշխանություն կամ ընդդիմություն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը, ասաց ՀՀ արդարադատության ն ախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
«Քաղաքական պրոցեսներ են, և քաղաքական ուժն է որոշում իր հետագա քայլերը: Ես այդ քաղաքական ուժի ներսում չեմ եղել և չեմ կարող ասել, թե որն է պատճառը: Պետք է հարգել նրա որոշումը: Ես այստեղ մեծ սենսացիա չեմ տեսնում»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Անդրադառնալով ՕԵԿ-ից մի քանի նախարարների դուրս գալու որոշմանը՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ չի կարող պատասխանել մարդկանց անձնական մոտիվացիաներով քայլերին: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, հաջորդ օրն ինքը կլքի՞ Հանրապետական կուսակցությունը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Միաժամանակ, վերջինս ընդգծեց, որ իր այդ պատասխանով չի ասում, թե ՕԵԿ-ից դուրս եկած անձինք իրենց որոշման մեջ սխալ են:
ՕԵԿ-ը որոշում է կայացրել դուրս գալ կոալիցիոն կառավարությունից, իսկ կուսակցության քվոտայով գործադիրում գտնվող նախարարները որոշում են կայացրել լքել կուսակցությունը: