Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ քառակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, արդեն գրեթե չորս ժամ շարունակվում է Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում:
Ռուսական կողմը ներկայացնում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Ջոն Քերին, Եվրամիությունը՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Ուկրաինան՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
«Բանակցությունները շարունակվում են»,-հայտնել է ռուսական պատվիրակության մի աղբյուր: Նրա խոսքով՝ այժմ ընթանում է Լավրովի և Քերիի դեմառդեմ հանդիպումը:
Քառակողմ հանդիպման մասնակիցների դիրքորոշումներում միասնություն չկա: Ավելի վաղ Լավրովը հայտնել է, որ հանդիպումը գումարվում է ՈՒկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման համար: Բանակցությունների գլխավոր թեման, ռուսական կողմի կարծիքով, պետք է դառնա ՈՒկրաինայի սահմանադրական բարեփոխումը, որին կմասնակցեն երկրի բոլոր տարածաշրջանները:
Մինչդեռ Ուկրաինան դեմ է այն բանին, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ քառակողմ բանակցություններում քննարկվեն Ուկրաինայի ներքին իրավասությանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ սահմանադրական կարգը և տարածքային կառուցվածքը: Արևմտյան երկրները հակված են այդ հանդիպումը մեկնաբանել որպես Մոսկվայի կողմից Կիևի նոր իշխանությունների ճանաչում և լեգիտիմացում: Լավրովը կարճ բացատրել է. «Դա չի լինի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: