Համաշխարհային շուկայում նորույթ է ստացվում՝ օղու, ռոմի և այլ ոգելից խմիչքների փոշի: Այս մասին հաղորդել է Լոնդոնի Times թերթը:
«Palcohol պաշտոնական անվանումը կրող նոր արտադրանքն օրերս ԱՄՆ-ի իշխանություններից, որոնք վերահսկում են երկրի սննդամթերքի շուկան, ստացել է բոլոր անհրաժեշտ թույլատրագրերը»,- նշել է հրատարակությունը:
Մոտ ժամանակներս աշխարհի տարբեր երկրների խանութներում, ինչպես նաև առևտրական ինտերնետ-պորտալների միջոցով կարելի կլինի գնել օղու և ռոմի փոշու փաթեթվածքներ: Այդ փոշիներին բավական է ավելացնել մեկ բաժակ ջուր խմիչք ստանալու համար:
Palcohol-ի արտադրության տեխնոլոգիան ստեղծել է ոգելից խմիչքների բնագավառի հայտնի մասնագետ ամերիկացի Մարկ Ֆիլիպսը: Այն տարբերվում է չոր սպիրտի և ալկոհոլի փոշու արտադրության՝ արդեն առկա եղանակներից, որոնք վաճառվում են մի քանի երկրներում, ներառյալ Գերմանիան, Նիդեռլանդները և Ճապոնիան:
Ֆիլիպսի խոսքով՝ Palcohol-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ ալկոհոլային փոշիները կարող են ավելացվել զանազան խոհարարական ճաշատեսակների մեջ և «դրանց հաղորդել նոր և անսպասելի հնչողություն», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: