Ուկրաինայի հայ համայնքը երկրի տարբեր հատվածներում հիշատակի միջոցառումներով կնշի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանն ասել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն' ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

 

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն էլ նշել է, որ հատուկ ուշադրություն են դարձնելու Ուկրաինայում Հայոց ցեղասպանության խնդրին, քանի որ այդ ուղղությամբ դեռեւս ահագին գործ կա անելու: «Հենց այդ պատճառով Ուկրաինայի հայերի միության 2014թ. առաջնահերթություններից մեկն էլ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելն է լինելու»,- ասել է Շատվորյանը՝ հավելելով, որ նախաձեռնել են մինչեւ հարյուրամյա տարելիցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել: Նախատեսվում է նաեւ անցկացնել թեմատիկ միջոցառումների ե ւ դասախոսությունների շարք՝ Հայոց ցեղասպանության թեմայով: «Բացի այդ, Ուկրաինայի հայերի միությունը ԱՄՆ-ում գործող կինոընկերության հետ համագործակցում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու համար»,- նշել է Շատվորյանը:

 

Ղրիմում նույնպես նախատեսվում է անցկացնել միջոցառումների շարք' ի հիշատակ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Ապրիլի 23-ին' առավոտյան ժամը 09:00-13:00-ն, Սիմֆերոպոլում Ղրիմի հայ համայնքի շենքում տեղի կունենա բարեգործական միջոցառում, որի ժամանակ մասնակիցները արյուն կհանձնեն, որը կուղարկվի Սիրիա' տեղացի հայերի կյանքը փրկելու համար:

 

Ապրիլի 24-ին' առավոտյան ժամը 11:00-ին, Սինմֆերոպոլի հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն:

 

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կ անադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

 

2005թ. Ղրիմի Գերագույն Ռադան ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել է սգո օր: