Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ստորագրել է հրամանագիր ֆինանսների նախկին նախարար, հայկական արմատներով Օքսանա Մարկարովային նշանակել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Զելենսկին նշել է, որ Մարկարովայի թեկնածությունն ունի մի քանի առանցքային նշանակություն՝ հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ և շատ դրական ընկալում ԱՄՆ-ում:
«Վստահ եմ, որ այս երեք գործոնները հաջողության բանաձևն են Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին ընդգծել է, որ Մարկարովան պետք է կենտրոնանա առաջին հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու վրա: Դրանից բացի, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել Կոնգրեսի հետ:
Օքսանա Մարկարովան 2015 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2018 թվականի նոյեմբերի 22-ին հաստատվել էր Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնում: Օքսանա Մարկարովան ծնվել է հայ-ուկրաինական ընտանիքում: