Ուկրաինայի Դոնեցկի մարզի իշխանություններն այն կարծիքին են, որ հանրապետության արևելքի ներկայիս ճգնաժամային իրադրությունից լավագույն ելքը կդառնար ժամանակավոր Սահմանադրական պայմանագրի ստորագրումը, որը կներառեր տարածաշրջանների լիազորությունների հարցերը: Այդ մասին ասված է Դոնեցկի մարզային պետական վարչակազմի ժամանակավոր կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, թե հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Դոնեցկի բնակիչները ցանկանում են լինել միասնական, քաղաքականապես կայուն երկրի անկախ մասը և Կիևից ակնկալում են իրական զիջումներ:
«Երկխոսությունը բարդացնում է այն փաստը, որ ինքնակառավարման բարեփոխումն անհնարին է առանց Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու, ինչը երկարաժամկետ գործընթաց է: Ներկայումս իրադրությունից լավագույն ելքը կդառնար ժամանակավոր Սահմանադրական պայմանագրի ստորագրումը, որը կներառեր տարածաշրջանների լիազորությունների, նահանգապետի ընտրովիությունը և ռուսաց լեզվի կարգավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ, ինչպես հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, հանրապետության արևելյան մարզերում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը: «Նախագահի պաշտոնակատարի կարգադրությանը համապատասխան՝ հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Զատկի տոնին դրա ակտիվ փուլը կասեցվել էր, բայց այսօրվանից ակտիվ փուլը շարունակվում է: Իրավապահ մարմիններն աշխատում են վերացնել բոլոր այն կազմավորումները, որոնք ներկայումս գործում են Կրամատորսկում, Սլավյանսկում և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի այլ քաղաքներում»,-ապրիլի 23-ին ասել է նա լրագրողներին Կիևում: