«Ազատ եգիպտացիներ» քաղաքական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Սա առաջին անգամն է, որ որևէ եգիպտական կազմակերպություն հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։
Հայտարարության մեջ «Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը դատապարտել է հայերի դեմ իրականացված անմարդկային ոճրի լռության մատնումն ու անտեսումը՝ իր հայտարարության մեջ ընդգծելով հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այդ վաղեմության ժամկետ չունեցող պատմական ոճրագործության թղթապանակը վերստին բացելու անհրաժեշտությունը։ Կուսակցությունը պահանջել է ներողություն հայցել հայ ժողովրդի վերապրած ողբերգության և արյունալի ջարդերի համար:
«Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը շեշտել է, որ ոտնձգությունը քաղաքացիական բնակչության հանդեպ, նրանց սպանելը, ահաբեկելը և բռնագաղթը հանցագործություններ են ընդդեմ մարդկության: Ազգերն առաջընթաց են ապրում ոչ թե ժխտողականությամ կամ ճշմարտությունը հիշել արգելող օրենքներ ընդունելով, այլ' զարգացումով և քաղաքակրթվելով, որը տեղի չի ունենա, եթե չլինի սխալներն ընդունելու և ներողություն հայցելու խիզախությունը: «Մենք մշապես հպարտանում ենք Եգիպտոսի հայ համայնքով, որը կազմում է եգիպտացի ժողովրդի ու նրա պատմության մի մասնիկը։ Մե ր համերաշխությունն ենք հայտնում կոտորածների զոհերին ու նրանց ընտանիքներին և հաստատում նրանց հիշատակը հավերժացնելու, այն ճանաչելու և ոգեկոչելու բարոյական իրավունքը՝ որպես այդ հանցագործության վկայություն»,- նշված է հայտարարության մեջ։
«Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը հայտարարել է նաև իր նշտական աջակցությունն ազատության և արդարության արժեքներին, մերժել է խտրականությունն ու ռասիզմը՝ կարևորելով իրազեկված լինելու և ամենից առաջ՝ կյանքի իրավունքը: