Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատարակչական գործունեությունն առավել կակտիվանա: Գործընթացը կանցկացվի երեք ուղղություններով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

 

«2015 թվականին հրատարակվող գրքերում Հայոց ցեղասպանության թեմատիկան առանձին ուղղություն է լինելու: Մենք ունենալու ենք երեք տեսակի հրատարակություններ: Նախ'հայերենից այլ լեզուներ են թարգմանվելու Ցեղասպանության վերաբերյալ տարբեր գրքեր, հատկապես խրախուսվելու են արտերկրի հրատարակչությունների հրատարակությունները: Նախարարությունը կաջակցի արտերկրյա հրատարակչություններին: Երկրորդ' այլ լեզուներից հայերեն կթարգմանվեն տարբեր գրքեր, և շեշտադրումը կդրվի հատկապես գեղարվեստական գրականության վրա: Բացի այդ, նախատեսում ենք տարվա ընթացքում վ երահրատարակել Ցեղասպանության մասին արդեն կարծես դասական դարձած ստեղծագործությունները»,- նշեց փոխնախարարը:

 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ համոզված է, որ 100-ամյա տարելիցը մենք պետք է նշենք բազմաբնույթ միջոցառումներով, և դրանք պիտի լինեն ներկայանալի: «Սա մեր ցավը, կորուստները քարոզելու ճանապարհ է»,-ընդգծեց ՀԳՄ նախագահը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում' Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: