Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Սենթ Քեթրինզ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով horizonweekly.ca կայքը, հայտարարության մեջ Թրուդոն հիշատակել է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ողբերգական ոչնչացումը:
«Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը այս իրադարձությունները ցեղասպանություն որակող բանաձևեր են ընդունել: Այս հուշարձանը կօգնի պահպանել այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքերը կորցրեցին ու տառապեցին ցեղասպանության ընթացքում»,- նշել է Թրուդոն' միաժամանակ շեշտադրելով, որ հուշարձանը նաև խորը հարգանք է արտահայտում ցեղասպանության զոհերի ժառանգների համար, այդ թվում նաև նրանց, ում համար Կանադան տուն է դարձել:
«Ցանկացած ծագման ու հավատի կանադացիները միասին վերահաստատում են իրենց կոլեկտիվ հանձնառությունը բազմազանության, մարդու իրավունքների և բազմակարծության արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Կանադայի վարչապետը:
Թրուդոն նաև հույս է հայտնել, որ ապագան կլինի առավել խաղաղ' հիմնված հանդուրժողականության, հարգանքի և համերաշխության վրա: