Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի դեպքերի առնչությամբ արված հայտարարությունը: Այս մասին հայտնում է trend.az-ը՝ վկայակոչելով թուրքական TRT Haber կայքը։

 

«Պատմությունը միայն սև ու սպիտակ գծերից չէ բաղկացած։ Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է առաքինություն ունենա անցյալի տառապանքների ցավը կիսելու։ Այսօրվա (երեկվա-խմբ.) հայտարարությունը միաժամանակ նաև կոչ է։ Հուսով ենք, որ այդ կոչն անպատասխան չի մնա»,- ասել է Դավութօղլուն։

 

Դավութօղլուն հույս է հայտնել, որ այս կոչն իր արձագանքը կգտնի։

 

Ըստ Էրդողանի՝ թուրք և հայ պատմաբանները պետք է ստեղծեն համատեղ հանձնաժողով՝ 1915 թվականի դեպքերը հետաքննելու համար։ Նա նշել է, որ միայն համատեղ ուսումնասիրությունը կարող է տալ 1915 թվականի դեպքերի օբյեկտիվ գնահատականը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ խաղաղություն մաղթելով 20-րդ դարի սկզբին ցեղասպանությանը զոհ գնացած հայերի հոգիներին: