Թուրքիայի վարչապետն իր ուղերձում պետք է հավասարության նշան չդներ հայկական ու թուրքական կողմերի ցավերի միջև: Մեկնաբանելով Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը' նման հայտարարություն է արել հատնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Օրանը նախ ընդգծել է, որ Էրդողանի հայտարարությունը «հայերի մեծ ցավի օրվանից մեկ օր առաջ» իր նախադեպը նախկինում չի ունեցել, սակայն նա հիմնականում խոսել է երեք բաներից. նա իր ուղերձում ասում է'«Օսմանյան քաղաքացին բոլորի նման ցավ է քաշել», «Թող գան համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք», «Արխիվները բացել ենք, թող համենան»:
«Առաջին' չի կարելի ասել, որ «օսմանյան քաղաքացին բոլորի նման ցավ է քաշել», քանի որ Օսմանյան կայսրության քաղաքացիները պատերազմում սպանվեցին թշնամու, իսկ հայերը 1915 թվականին սեփական պետության կողմից: Այս տեսանկյունից նա և’ ասում է «չխառնենք ցավերը», և’ փորձում է հավասարեցնել դրանք. այս մոտեցումը ճիշտ չէ»,- նշել է թուրք պատմաբանը: Նա ոչ տեղին է համարել նաև Էրդողանի մյուս առաջարկը, որը վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն: Ըստ Օրանի, հանձնաժողով ստեղծելով' թուրքական կողմը կրկին առաջ է քաշելու այն միտքը, թե պ ատերազմական իրավիճակում հայերն ու մուսուլմանները երկկողմ կոտորած են իրականացրել: «Արդյոք հնարավո՞ր է, որ մուսուլմանների օվկիանոսում գտնվող փոքրամասնությունը կռվի միջոցով սպանի մեծամասնությանը»,- հարցադրում է կատարել Օրանը: Նա ընդգծել է, որ թուրքական կողմի առաջ քաշած դրույթները պարզապես ծիծաղելի են, և համատեղ պատմաբանների հանաձնաժողով ստեղծելու փոխարեն շատ ավելի լավ կլինի, եթե Թուրքիան աշխատեցնի 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները:
«Խնդիրն այսպես կարող ենք բնութագրել: Պարոն վարչապետի արած այս' իր տեսակի մեջ առաջին հայտարարությունը դրական է, սակայն այս մարդկանց ցավն այնքան մեծ է, որ այդ խուսափողական նախադասություններով հնարավոր չէ ամոքել : Ես ասում եմ' «Այո, սակայն բավարար չէ»,- ավարտել է թուրք պատմաբանը: