ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Թուրքիայում գտնվող քեսաբահայերին իրենց ընտանիքների հետ միավորվելուն օգնելու խնդրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց նորանշանակ նախարարը: Նախարարի հավաստմամբ, ներկայում Թուրքիայի հայկական Վաքըֆ քաղաքում պահվում են 22 քեսաբահայեր, որոնց տվյալները փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցչին:

 

«Քեսաբյան դեպքերի պատճառով մեր հայրենակիցների հիմնական մասն բնակվում է հարազատների ընտանիքներում, մի մասը Այնճարում է, Բեյրութում, իսկ մյուս մասն էլ դեռ բնակարան, տուն չունի, Լաթաքիայի եկեղեցու տարածքում է ապաստանել: Քեսաբահայերից 22-ը պատանդ վերցվեցին ու տեղահանվեցին, այժմ Թուրքիայի Վաքըֆ հայկական գյուղում են: Նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակոթյանը, նրան հանձնել այն բոլոր քեսաբահայերի ցուցակը, ովքեր գտնվում են Թուրքիայում, և խնդրել օգնել, որպեսզի քեսաբահայերը միավորվեն իրենց ընտանիքների հետ: Այս պահին Կարմիր խաչը աշխատանքներ է տանում, որ Թուրքիայի քեսաբցիներին տեղափոխի»,-ասաց նախարարը:

 

Հրանուշ Հակոբյանի խոսքով, Քեսաբ թափանցած ու այն դատարկած հրոսակներին օգնելու, հովանավորելու Թուրքիայի քայլերը ևս ցեղասպանության տարր են իրենց մեջ պարունակում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի իրական դեմքը: «Աշխարհի շատ ու շատ երկրներ կրկին համոզվեցին, որ Թուրքիան ժողովրդավարացման ճամփան դեռ չի բռնել, ինչպես ձևացնում է: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը և մեզ սատարող շատ ու շատ պետություններ Քեսաբի համար պետք է պայքարեն այնքան ժամանակ, մինչև քեսաբահայերը վերադառնան իրենց լքված տներն ու շենացնեն դրանք: Սա պետք է մեր նվազագույն նպատակներից լինի' շարունակելով պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշեց նախարարը' հավելելով, որ հայ ժողովուրդն աշխարհում այնքան հզոր է, զարգացած, գրագետ, լուրջ, գիտի իր իրավունքները, որ երբեք չի լռելու և հասնելու է արդար դատաստանի:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել է առավել ապահով վայրեր, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում' մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից: Նրանց մեծամասնությանը տարել են Թուրքիայի Վաքըֆ հայաբնակ գյու ղ, ոմանց հետ վերադարձրել Լաթաքիա: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:

 

Տարբեր համահայկական կառույցներ իրականացնում են դրամահավաք կարիքավոր քեսաբահայերին օգնելու համար, աշխարհասփյուռ հայ քաղաքական ու հասարակական կառույցներն էլ փորձում են հարցը բարձրացնել քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում' պահանջելով Թուրքիային ստիպել դադարեցնել օգնությունը ծայրահեղական զինյալ ուժերին և ապահովել խաղաղ բնակչության վերադարձն իրենց բնակավայր: