Թուրքիայի վարչապետ Էրդողանի' Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձն իր մեջ դրական որևէ միտում չէր պարունակում: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ավելին, այդ ուղերձում փորձ էր արվում զոհին և դահճին մի հարթակում ներկայացնել, ինչպես նաև դարասկզին տեղի ունեցած ցեղասպանությունը ներկայացնել որպես պատերազմի տարիներին բնակչության նկատմամբ կիրառված բռնություն»,-նշեց Մինասյանը՝ ընդգծելով, որ այդ ուղերձն իր բովանդակությամբ Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակությունն էր:
Պատգամավորը տեղին չի համարում նաև ԱՄՆ պետքարտուղարության և ԵՄ-ի արձագանքը Էրդողանի ուղերձին, որոնք այն դրական են գնահատել: Նրա խոսքով, ուղերձը, որպես այդպիսին, նորություն էր, քանի որ Ցեղասպանության տարելիցի նախօրեին թուրքական իշխանությունների կողմից առաջին անգամ է նման ուղերձ եղել, սակայն իր բովանդակությամբ այն ոչնչով չի տարբերվում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունից:
Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին՝ Գագիկ Մինասյանը նշեց, թե Նախագահն այդ ուղերձում հստակ ներկայացրել է, որ թուրքական կողմի խոսքերը մեզ համար նշանակություն չունեն և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել: «Այդ գործնական քայլերն են սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սակայն իր ուղերձից հետո Թուրքիայի վարչապետը նաև նշել էր, որ Հայաստանի հետ սահմանները կբացվեն միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումից հետո»,- նշեց Մինասյանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Թուրքիայի կառավարության ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ թուրքաբնակ եւ աշխարհասփյուռ հայերի համար հատուկ իմաստ կրող ապրիլի 24-ն առիթ է «այդ խնդրի հետ կապված մտքերն ազատորեն կիսելու» համար: Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էր կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար' լինեն թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի' այն շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով, «բազմակարծության, ժողովրդավարական մշակույ թի եւ արդիականության պահանջն է»: