Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարաբերությունները չեն տուժելու: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը երկու տարբեր պետություններ են՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված: Ակնհայտ է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը քաղաքական, մշակութային, ռազմական, տնտեսական սերտ հարաբերությունների մեջ են: Հիմա Հայաստանը սկսել է Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթաց: Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, և դրանից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները որևէ բնագավառում չեն տուժելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:

 

Հարցին, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մաքսակետ լինելու է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ մաքսակետ չի լինելու: «Երբ ես ասում եմ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները դրանից չեն տուժելու, նկատի ունեմ, որ դրանք որևէ ոլորտում չեն տուժելու, ուստի իմ խոսքից հստակ է, որ դա չի լինելու»,- ասաց Մինասյանը: