Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է նոր լիցք հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Հայաստանը սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը և կարող է տարանցիկ երկրի դեր ստանձնել Եվրասիական տնտեսական միության համար ու հետագայում դրանից օգուտներ քաղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը և հավելեց, որ Ռուսաստանին, իհարկե, ավելի հարմար կլինի Ադրբեջանին օգտագործել որպես միջնորդ երկիր, սակայն այնտեղ առկա է ներքաղաքական պայթունավտանգ իրավիճակ և այդ պարագայում Ադրբեջանի հետ հույսեր կապելը հեռանկարային չէ, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ դեպի լավը գնալու միտումներ ունեն, որը նաև Հայաստանի շահերից է բխում։

 

«Պետք է չմոռանանք, որ հետագայում Աբխազիայի միջով անցնող երկաթգծի վերագործարկումը Ռուսաստանին կշահագրգռի ավելի մեծ ներգրավվածություն ունենալ նախագծվող Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործընթացում։ Բացի այդ, ժամանակին Չինաստանն էլ ակնարկել է, որ պատրաստ է աջակցել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծին, քանի որ նպատակ ունի վերականգնել մետաքսի ճանապարհը դեպի Արևմուտք»,- պարզաբանեց արևելագետը։

 

Բանախոսը նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը միանգամայն բխում է մեր շահերից։ «Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում Հայաստանը որոշ կետերով չի զոհի իր հարաբերությունները Իրանի հետ, քանի որ մենք Իրանի հետ ունենք որոշակի ծրագրեր, օրինակ՝ Իրանի և Հայաստանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը»,- ասաց փորձագետը և հավելեց, որ այս ու շատ այլ հարցերի պատասխանը կստանանք առաջիկայում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցի ժամանակ, որի կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ: