Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պետք է լինի թափանցիկ գործնական միջավայրի և բարեկամական սահմանային հարաբերությունների համար: Այս մասին ապրիլի 26-ին Սահմանապահի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանը: «Սակայն, միևնույն ժամանակ, այն պետք է լինի անհ աղթահարելի ահաբեկիչների, միջազգային հանցավորության, թմրաբիզնեսի և նրանց համար, ովքեր կձգտեն խանգարել մեր խաղաղությունն ու անդորրը»,-ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգության ապահովման սպառնալիքներին դիմակայելու համար Սահմանապահ զորքերը կիրառում են սահմանի պահպանության արդիական համակարգեր և միջազգային չափանիշներին համապատասխանող մեթոդներ:

 

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Արմեն Աբրահամյանն ընդգծեց, որ այսօր ՀՀ սահմանապահ զորքերը, ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի շրջանակում համագործակցելով արդեն բոլոր երկրների հետ, ստորագրել է սահմանային համագործակցության մասին համաձայնագրեր: «Միջազգային համագործակցության շրջանակում սահմանապահ զորքերը, ՄԱԿ-ի զարգացման շրջանակում, համագործակցում են Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ազգային կոնֆերանսի, ԱՄՆ անվտանգության դեպարտամենտի սահմանների անվտանգություն ծրագրի, Արևելյան գործընկերության ծրագրի, ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի և այլ կառույցների հետ»,- ասաց Աբրահամյանը:

 

Միջազգային համագործակցության վառ օրինակներից է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշտպանության վտանգի նվազեցման գործկալության ծավալած գործունեությունը հայ-վրացական սահմանում: «Այս ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սահմանում ստեղծվել է անվտանգության ապահովման կայուն համակարգ: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ»,- ասաց Աբրահամյանը:

 

Անցած տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել ՀՀ սահմանապահ մարմինների կայացման ու ամրապնդման համար: «Այսօր ՀՀ սահմանապահ զորքերը վստահորեն համալրվում են երիտասարդ մասնագետներով: Սահմանապահ զորքերի անձնակազմը մասնագիտական տեսանկյունից հասել է լավագույն արդյունքների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աբրահամյանը:

 

ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատարը նշեց, որ սպայական կազմի համալրվածությունը կազմում է մոտ 86 տոկոս, կրտսեր սպայական կազմի 82 տոկոսն ունի բարձրագույն ռազմական կրթություն, ավագ սպայական կազմի 20 տոկոսը՝ ակադեմիական կրթություն: «Իսկ շարքային և սերժանտական կազմի կրթական գործընթացն իրականացվում է սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնում, որը պետական սահմանի պահպանման համակարգը համալրում է նոր կադրերով»,- ասաց Արմեն Աբրահամյանը:

 

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մեծ հանդիսավորությամբ նշեցին ՀՀ Սահմանապահի օրը: Հանդիսավոր արարողության ավարտին հաջորդեց հանդիսավոր շքերթը, որից հետո ՀՀ սահմանապահ զորքերի մասնակցությամբ տեղի ունեցան ցուցադրական ելույթներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով Սահմանապահի օրվա կապակցությամբ և հայրենիքի սա հմանների անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեցին մի խումբ սպաներ, զինվորներ, վետերաններ: