Սահմանադրական բարեփոխումները ոչ միայն չեն խոչընդոտում, այլև պետք է ուղղված լինեն նպաստելու հասարակության մեջ քաղաքական, տնտեսական և սոցիալական շատ հարցերի լուծմանը, թեև դրանք չեն կարող լուծում տալ առկա բոլոր խնդիրներին։ Սահմանադրական բարեփոխումները խնդիրներ չեն լուծում, եթե չեն ուղեկցվում իրավակիրառ և քաղաքական մշակույթի բարելավմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։

 

Նրա խոսքով՝ ներկա փուլում սահամանդրական փոփոխությունների իրականացումն անհրաժեշտություն էր, քանի որ առկա սահմանադրությունն արդեն իսկ չի տալիս շատ հարցերի պատասխանները։ «Հաճախ են խոսում այն մասին, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես են գալիս այն ժամանակ, երբ կա քաղաքական ճգնաժամ կամ քաղաքական ճգնաժամի վտանգ։ Սակայն դա քաղաքական ճգնաժամի հետ փոխկապակցելը հիմնավորված չէ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ այս կամ այն դեպքում, երբ սահմանադրական բարեփոխումները զուգորդում են քաղաքական ճգնաժամերին, ապա այդ փոփոխությունները շատ անկայուն են, հաջողությունների չեն բերում և կարճ ժամանակ անց վերանայվում են»,- ասաց Դանիելյանը։ Նրա խոսքով՝ զուտ տեքստային բարեփոխումները դժվար թե արդյունք ունենան, եթե դրանք գործնականում չկիրառվեն։

 

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը նշեց, որ հանձնաժողովը միակարծիք է եղել այն հարցում, որ կա բարեփոխման անհրաժեշտություն, քանի որ Սահմանադրության մեջ կան փոփոխության կարիք ունեցող նորմեր: «Շատերն են ասում, որ ընդամենն 9 տարի է անցել սահմանադրական նախկին բարեփոխումներից և հազիվ թե սա այն ողջամիտ ժամկետն էր, որի ընթացքում կարող էր իրական բացթողումներ բացահայտվել։ Սակայն միջազգային պրակտիկան ուսումնասիրելով' կտեսնեք, որ սա ճիշտ այն ժամկետն է, երբ հանրությունը հարկադրված է լինում անդրադառնալու Սահմանադրությանը։

 

Ամենակայուն Սահմանադրություն ունեցող երկրներն անգամ ճիշտ այս ժամկետներում են վերանայում իրենց սահմանադրությունները»,- ասաց Դանիելյանը։ Սակայն, ըստ նրա, ժամկետները ոչինչ չեն ասում և անհրաժեշտության չկա յուրաքանչյուր այսպիսի ժամկետում անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին։