ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի գործադուլ հայտարարած աշխատակիցներին:
Գործադուլի մասնակիցների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգող բոլոր խնդիրները, որոնք պատճառ էին դարձել գործադուլ հայտարարելու համար:
Հանդիպումը տեւել է 3 ժամ, որին մասնակցել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Բարձրացված հարցերը հիմնականում առնչվում էին աշխատանքային պայմանագրերում կատարված փոփոխությունների հետևանքով վարձատրության (երկարամյա աշխատանքի համար գումարը պարգևավճարով փոխարինելու հետևանքով ) նվազմանը, վճարահաշվարկային կարգին, աշխատանքի անվտանգության նորմերի պահպանմանը, վագոնավարների բուժսպասարկման համար գանձվող վճարներին, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբարերություններին առնչվող և ոլորտի կառավարման բնագավառ ում առկա մի շարք այլ խնդիրների:
Նախարարը, լսելով մեքենավարների փաստարկները և ՀԿԵ-ի ներկայացուցիչների հակափաստարկները, անընդունելի համարեց առանց նախարարության իրավասու կառույցների խնդիրը ներկայացնելու ծայրահեղ քայլի դիմելը եւ գործադուլ անելը:
«Եթե գոյություն ունեցող խնդիրները ՀԿԵ-ի կառավարման ոլորտում լուծում չէին ստանում, ապա անհրաժեշտ էր դրանք համակարգված ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը, որն էլ իր լիազորությունների շրջանակներում ընթացք կտար դրանց»,- նշել է Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ նախարարությունն ամեն կերպ կաջակցի բարձրացված խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը:
Նախարարը, կարևորելով եռակողմ ձևաչափով խնդիրների լուծումը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին հանձնարարեց բոլոր հարցերը մ անրամասն քննարկել, ոլորտում իրականացնել մշտադիտարկում, երկաթուղու աշխատակիցներին ցուցաբերել մշտական իրավական օժանդակություն, ինչպես նաև քննարկման արդյունքների վերաբերյալ սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ: