Լոնդոնում սկսվել է մետրոպոլիտենի աշխատակիցների՝ վերջին տարիների խոշորագույն գործադուլը:

 

Բողոքի ակցիան, որն սկսվել է ապրիլի 28-ի տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 00:00-ին), կշարունակվի 48 ժամ: Նշված ժամանակահատվածում մետրոյի գնացքները կերթեւեկեն ավելացված միջակայքերով, իսկ առանձին ուղղություններում ու կայարաններում սպասարկումն ամբողջովին կդադարեցվի:

 

Լոնդոնի մետրոյի աշխատակիցների գործադուլի երկրորդ փուլը, որն ընդհանուր առմամբ կտեւի հինգ օր, կսկսվի մայիսի 5-ին:

 

Բողոքի ակցիան կազմակերպել են երկաթուղային եւ ծովային տրանսպորտի աշխատողների արհմիությունը, ինչպես նաեւ տրանսպորտի աշխատողների ասոցացիան: Գործադուլի օգնությամբ արհմիությունները մտադիր են բողոք հայտնել մետրոյի տոմսարկղերը փակելու կառավարության պլանների դեմ, ինչի հետեւանքով աշխատանքից կարող է զրկվել շուրջ հազար աշխատակից:

 

Լոնդոնի քաղաքապետարանում այդ քայլը բացատրում են տոմսերի վաճառքների ավտոմատացման աճով՝ ավելի ու ավելի մեծ թվով համապատասխան սարքերի ներդրման հաշվին: Այսպես, 2013 թվականին բոլոր տոմսերի 3 տոկոսից պակաս մասն է գնվել անմիջականորեն տոմսարկղերում: Քաղաքապետարանի տվյալներով՝ մետրոյի բոլոր 270 կայարաններում տոմսարկղերի փակումը տարեկան կօգնի տնտեսել շուրջ 50 մլն ֆունտ (82 մլն դոլար):

 

Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնը «անիմաստ» է համարել մետրոյի աշխատակիցների գործադուլը: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ արհմիության ղեկավարությունն ավելի շատ շահագրգռված է պայքարով, այլ ոչ թե իր աշխատակիցների շահերով»,- ընդգծել է Ջոնսոնը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: