Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀԿ խմբակցությունում քննարկվել է հարցը և միաձայն որոշվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:
Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայի պետաիրավականա հարցերի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար: «Կպահպանվեն բոլոր ավանդույթները, որոնք ձևավորված են հանձնաժողովում այս տարիների աշխատանքի ընթացքում»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի առաջարկվող բոլոր օրենսդրական նախաձեռնությունները մանրամասն քննարկվեն հանձնաժողովում:
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում, ապրիլի 30-ի ժամը 12:30-13:30-ը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: