Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Բաքվի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, ֆրանսիական Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի դեմ Ադրբեջանի իշխանության կատարած բռնությունները դատապարտող հայտարարությամբ:
Ապրիլի 28-ին Լեյլա Յունուսը եւ նրա ամուսինը' կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը Ադրբեջանի իրավապահների կողմից բերման են ենթարկվել Բաքվի օդանավակայանից, երբ նրանք մեկնում էին Բրյուսել' մասնակցելու միջազգային գիտաժողովի: Ոստիկանության աշխատակիցները Լեյլա Յունուսի անձը նվաստացնող գործողություններ են կատարել: Տեղի ունեցած ապօրինությունների արդյունքում Արիֆ Յունուսը տեղափոխվել է հիվանդանոց: Freedom House կազմակերպության նախագահ Դեւիդ Կրեմերը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հասարակական եւ քաղաքական ակտիվիստներին լռեցնելու արշավը: Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական կառավարության այդ քայլը սարսափելի արարք է' Եվրոպայի Խորհրդի Նախարարների կաբինետի նախագահությունը Ադրբեջանի կողմից ստանձնելու շեմին:
Լեյլա Յունուսը բերման է ենթարկվել' որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ' Ադրբեջանի Քրեական օրենսգրքի « դավաճանություն հայրենիքին « հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ, իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: