Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը:

 

«Իրավապաշտպաններին լուրջ պետական հանցագործությունների մեջ մեղադրելով' Ադրբեջանի իշխանությունները մեծ անարգանք են ցուցաբերում օրենքի գերակայության նկատմամբ և ձգտում են վախեցնել անկախ քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Կրամերը: Նա ընդգծել է, որ Լեյլա Յունուսի և այլ հայտնի իրավապաշտպանների նկատմամբ ծանր ու անհիմն մեղադրանքներ ներկայացնելով և նրանց երկարատև ժամանակով կալանքի ենթարկելով' Ադրբեջանը պարզապես ծաղրի է ենթարկում իր իրավական համակարգը: Freedom House-ի ղեկավարը փաստել է, թե Լեյլա Յունուսին փաստաբանի միջոցով պաշտպանվելու հանարվորությունից զրկելով' իշխանություններն ապացուցում են, որ վախենում են սեփական քաղաքացիներից: