Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) եւ Հանուն մարդու իրավունքների միջազգային դաշնությունը (FIND) համատեղ հայտարարությամբ պահանջել են անհապաղ դադարեցնել հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումները ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ միջամտել եւ վերջ դնել դրան :
«Անհրաժեշտ է անհապաղ ապահովել իրավապաշտպան Լեյլա եւ Արիֆ Յունուսների հոգեբանական եւ ֆիզիկական անձեռնմխելիությունը, փոխել Լեյլա Յունուսի գտնվելու բանտախուցը, բազմակողմանի եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել նրա վրա կատարված հարձակման առնչությամբ, պատժել մեղավորին' կիրառելով օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները, Յունուսների զույգին ապահովել անհրաժեշտ դեղամիջոցներով, հիվանդանոցով եւ համապատասխան բժշկական օգնությամբ, առանց որեւէ նախապայմանների եւ առանց ուշացնելու ազատ արձակել մյուս բոլոր իրավապաշտպաններին, վերջ դնել իրվապաշտպանների դեմ ցանկացած ագերսիայի, այդ թվում' Յունուսների զույգի գործով հետաքննության եւ դատավարության ցանկացած փուլում»,- ասվում է հայտարարության մեջ:
Այդտեղ երկու կազմակերպություններն էլ հղում են կատարում ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին 1998 թվականի դեկտեմբերի 9-ի բանաձեւին:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսը ձերբակալվել է հուլիսի 30-ին, իր տան բակում: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափերի խարդախության մեջ: Պետական դավաճանության եւ խոշոր չափերի խարդախության մեղադրանք է ներկայացվել նաեւ նրա ամուսնուն' Արիֆ Յունուսին: Այդ մեղադրանքների հիման վրա դատարանը Յունուսներին կալանավորել են 3 ամիս ժամկետով:
Լեյլա Յունուսը Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրենն է: Նա Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: