Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ռուսական ԶԼՄ-ներում և հատկապես հեռուստատեսությամբ առաջացրեց  հակահայկական հիստերիայի մի ալիք, որին բնորոշ են մերկապարանոց մեղադրանքները, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը և նույնիսկ դրա իրավունքը մերժելը, կանխամտածված վիրավորական և նվաստացուցիչ համեմատությունները և զուգահեռները։

Գիտակցելով, որ դա առաջին հերթին Հայաստանի իրար հաջորդող իշխանությունների կողմից մեր ինքնիշխանության ներքին և արտաքին բովանդակության դեմ ուղղված քայքայիչ և հակապետական գործունեության հետևանքն է, միաժամանակ մերժելի ենք համարում մեր ինքնիշխանության, ազգային և մարդկային արժանապատվության և հիմնարար իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն։

Մշտապես ազգային խտրականություն, նախկին Խորհրդային Միության անկախացած մասերի հանդեպ մեծապետական շովինիզմ, Մարդու իրավունքների հանդեպ քամահրանք քարոզող, լրագրական էթիկայի ընդունված նորմերը մերժող ռուսական հեռուստաալիքներից մի քանիսը Հայաստանում գործում են հանրապետական կամ տարածքային պետական լիցենզիայի հիման վրա, իսկ մի մասն էլ, ինչպես օրինակ շովինիստական ագրեսիվ մոտեցումներով և փաստերի այլասերված ներկայացմամբ տխրահռչակ ՆՏՎ և Զվեզդա հեռուստաալիքները, տարածվում են լիցենզավորված կաբելային ցանցերի միջոցով։

Ուստի պահանջում ենք ՀՀ Սահմանադրության և «Զանգվածային լրատվության մասին»,   «Էլեկտրոնային հաղորդակցության մասին»,  «Լեզվի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքների համաձայն դադարեցնել «ՌՏՌ-Պլանետա», Պեռվիյ կանալ, Միռ հեռուստաալիքների լիցենզիան ազգային խտրականության, ՀՀ սահմանադրական կարգի դեմ ոտնձգության, զրպարտության և օրենքով մերժելի այլ սիստեմատիկ քարոզի համար։

Նույն պատճառով պարտադրել կաբելային հեռուստատեսության ծառայություն մատուցող ընկերություններից դադարեցնել վերոհիշյալ, ինչպես նաև «ՆՏՎ», «Զվեզդա», «Ռեն ՏՎ» և հասարակական-քաղաքական բովանդակություն մատուցող բոլոր ՌԴ հեռուստաալիքների վերահեռարձակումը։

Լիովին անընդունելի և չարդարացված ենք համարում պետական մակարդակով մասնակցությունը «ՄԻՌ» հեռուստաընկերության գործունեությանը՝ Հայաստանի հանդեպ ուղղակի թշնամական քաղաքականություն վարող և նույնիսկ պատերազմող երկրների հետ միասին։

Կոչ ենք անում հանրությանը միանալ այս պահանջին և բոյկոտել նշված ալիքները, ինչպես նաև դիմում ենք հայկական ընկերություններին, որպեսզի չապահովեն դրանք գովազդային եկամուտներով։

 

Հանուն Հայաստանի Պետության ճակատ

7 դեկտեմբեր 2017 թ