Այսօր լրագրողներն Ազգային ժողովում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարց ուղղեցին' արդյո՞ք Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, ինչին ի պատասխան, Շարմազանովն ասաց.

 

«Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունացել, որը կարծես դեռ բոլորը չէ, որ գիտակցում են: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չվերցնելու մասին հայտարարությունն իրականում խաղի նոր կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել:

 

«…Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»:

 

Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին: Այլևս էապես նվազելու է մեկ մարդու դերը պետական կառավարման հիերարխիայում, և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը: Սա չգիտակցած գործիչներն այս օրերին կաշվից դուրս են գալիս իրենց ապագայի մեջ դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել:

 

Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է իր համոզմունքը' գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց հանրապետականի ձայնը, ոչ թե որևէ մեկ անհատի, որևէ հայտնի գործչի, նախկին կամ ապագա ղեկավարի, այլ հենց կուսակցության ձայնը, Հանրապետական կուսակցության ձայնը: Ակնհայտ է, որ մոտակա առնվազն մեկ տասնամյակում Հանրապետական կուսակցությունն իր չափերով, իր կազմակերպվածությամբ ու իր քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը մեր քաղաքական դաշտում: Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով: Իսկ ո՞րն է պահի ամենաուշագրավ կողմը. դա հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին հանրապետականի ներսում է: Վստահ եմ, որ այս գործընթացների արդյունքում մի քանի տարվա ընթացքում մենք ունենալու ենք որակական նոր թռիչք ապրող Հանրապետական կուսակցություն և ուղեցույց այլ քաղաքական ուժերի համար: