Հայաստանում ապրիլ ամսին 470 անուն ապրանք-ծառայություններից 248-ի գծով արձանագրվել է գնաճ, 179-ի գծով՝ գնանկում, իսկ 43 ապրանք-ծառայությունների գները մնացել են անփոփոխ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վերջին երեք տարում առաջին դեպքն է, երբ ապրիլ ամսին նկատվում է գնաճ։ «Նախորդ տարիներին ապրիլ ամսին արձանագրվում էր գնանկում, որը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ մարտին էր լինում հիմնական գնաճը։ Իսկ այս տարի փետրվար և մարտ ամիսներին արձանագրվեց գնանկում, իսկ ապրիլին գնաճը կազմեց 0,5 տոկոս։ Վերջին մեկ ամսում գնաճը հիմնականում պայմանավորված է եղել բանջարեղենի և կարտոֆիլի գծով արձանագրված 5,4 տոկոս գնաճով»,- ասաց նա։

 

Մարտիրոսյանը նշեց, որ հիմնական բարձր գնաճն արձանագրվել է երեք ապրանքատեսակների մասով՝ կարտոֆիլ, գազար և կաղամբ, որոնք սպառողական գների ինդեքսում ունեն 1,95 տոկոս տեսակարար կշիռ։ «Ընդհանուր գնաճը այդ երեք ապրանքատեսակների գծով կազմել է 32,6 տոկոս։ Դրա ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա կազմել է 0,6 տոկոսային կետ, այսինքն, եթե այս երեք ապրանքների գծով գնաճ չարձանագրվեր, ապա հանրապետությունում այս տարի ևս ապրիլին կունենաինք գնանկում մոտավորապես 0,1 տոկոսի սահմաններում»,-ասաց Մարտիրոսյանը։