Հայաստանում հունվարին արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, որը փոքր-ինչ ցածր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (2.8 տոկոս): Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժ նի պետ Գուրգեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ԱՊՀ տարածքում ևս հունվարին նկատվել է զգալի գնաճ: «Ռուսաստանում նախորդ ամսին գնաճը կազմել է 3.9 տոկոս, իսկ Ուկրաինայում 3.4 տոկոս: Հայաստանը գնաճի մարկարդակով 3-րդն է: Ամենացածր գնաճը նկատվել է Վրաստանում' 0.2 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցամբ' ասաց Մարտիրոսյանը:

 

ԱՎԾ ներկայացուցիչը հայտնեց, որ հունվարյան գնաճը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.5 տոկոս գնաճով: «Առավել բարձր գնաճ է արձանագրվել կաթնամթերքի, սուրճի, թեյի, մրգի շաքարավազի շուկայում: Կարտոֆիլի մասով արձանագրվել է 14 տոկոս գնաճ, իսկ մրգի ապրանքախմբում' 12.4 տոկոս գնաճ»,- ասաց նա:

 

Նա նշեց, որ հացամթերքի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.4 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 4.3 տոկոս գնաճ: «Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.0 տոկոսով, շաքարավազինը' 3 տոկոսով, մսամթերքինը' 2 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:

 

2015թ. հունվարին, 2014թ. հունվարի համեմատ, Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը' 105.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 102.4 տոկոս, ծառայությունների սակագներինը' 103.2 տոկոս: 2015թ. հունվարին, 2010թ. համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 127.4 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը' 133.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.4 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 121.0 տոկոս: