Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում ստանձնած իր պարտականություններից, կոչվել է ուսման Վիեննայի Կաթոլիկ համալսարանում, իսկ հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Մայր Աթոռի Կալվածոց տեսչի պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գեղարքունյաց թեմում:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի գործավար-քարտուղար Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանն առժամյա ծառայության է նշանակվել նաև Արմավիրի թեմում' որպես այցելու հովիվ Ջանֆիդա համայնքում: Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Մարգարյանը' Արթիկի թեմում, Արժանապատիվ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը' Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանը' Կոտայքի թեմում, Արժանապատիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը' Արարատյան Հայրապետական թեմում, Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Պետրոսյանը' Շիրակի թեմում և Արժանապատիվ Տ. Վահան քահանա Հեբոյանը հովվական իր ծառայությանը կբերի Սյունյաց թեմում: