Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները:
Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշել է, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին՝ ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:
Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ փոփոխություններին ընդդիմանում են ո´չ միայն հասարկության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև՝ դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից:
Ոստիկանության պետն ընդգծել է, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել և ժամկետներ նշանակել թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար: