Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վեց սկզբունքների մասին արված հայտարարությունը: Այս մասին հայտնում է Trend-ը:

 

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար խաղաղ պայմանավորվածություններ ձեռքբերելու աշխատանքը սկսելուն:

 

«Ադրբեջանը խաղաղ պայմանագրի կողմնակից է: Ներկայումս գոյություն ունեցող ստատուս քվոն անընդունելի է: Այն անընդունելի է հայերի համար էլ, նրանց երկրում զարգացում չկա, փոխարենը կան ժողովրդագրական խնդիրներ: Մենք հայկական կողմին կոչ ենք անում այդ հարցին համատեղ լուծում տալ»,- այս մասին ասել է արտգործնախարարը:

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ ելույթ էր ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ժամանակ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: