ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Քարնեգի հիմնադրամում ունեցած զեկույցում ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումն ու սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին, ամենօրյա բրիֆինգի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին: Նա հավելել է, որ Ջեյմս Ուորլիքը նոր հայտարարություն չի կատարել և բացառապես ներկայացրել է ԱՄՆ վաղեմի դիրքորոշումն ու ԱՄՆ նվիրվածությունը գործընթացին:
Լրագրողի հաջորդ հարցին' «կա՞ արդյոք կապ այդ հայտարարության և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների միջև», Փսակին ասել է, որ ինքը տեղեկություն չունի որևէ կապի մասին: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն նախկին պես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և մենք համանախագահներից մեկն ենք: Ձեզ հայտնի են Ուկրաինայի հետ կապված մեր ջանքերը: Ես տեղեկություն չունեմ Ուկրաինայի և հայտարարության միջև կապի մասին»,-ասել է նա:
Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից: Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ:
Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջան ցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է:
«Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ամփոփել է Ուորլիքը: