ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվարկած 6 կետը նոր չեն, դրանց այնպես, ինչպես հրապարակված է, կարելի է ծանոթանալ համանախագահների հայտարարություններից: Այդ մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությանը: «Ուորլիքի հայտարարության իմաստն ու ցանկությունն այն է, որ ապահովվի առաջընթաց: Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Այդ պայմաններից առաջինն, ըստ Շավարշ Քոչարյանի' այն է, որ կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ: Առանց դրա նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդ, նրա խոսքով, բանակցային գործընթացում պետք է լիարժեք ներգավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: «Քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ այդ բարի ցանկությունները, որ լինի առաջընթաց, քիչ հավանական է, որ իրականանան»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է հենց այս փուլում ամերիկայն կողմը հիշեցնում վեց կետերի մասին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դա միշտ օրակարգում կա, դա ընդամենը հիշեցում է, վաղուց են հայտարարվել միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքները, նորմերը, որոնց հիման վրա պետք է խնդիրը կարգավորվի և վեց տարրերը: Նորից հիշեցնեմ՝ այնքան հանրահայտ են այդ սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի՝ առաջինը, ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում»: Շավարշ Քոչարյանը նշեց, որ այդ երեք սկզբունքից Բաքուն մերժում է երկուսը, այսինքն՝ ուժի սպառնալիքից չի հրաժարվում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ըստ էության մերժում է: «Բաքուն միայն շեշտադրում է անում մեկ սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականության, այն էլ աղավաղված և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող տեսքով: Այսքանը բավական է, որպեսզի մենք կարողանանք հանգել այն եզրակացությանը, որ այս բանակցային գործընթացում խոչընդոտն Ադրբեջանն է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե հայկական կողմը նորմա՞լ է վերաբերվում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ կետին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նորմալը քաղաքական կատեգորիա չէ»: